Գլխավոր

Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիս գետը, որը թափվում է Սևանա լիճ: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել էԱլաշկերտից: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։