ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Վարդենիկում /Ներքին Գյոզալդարա/ ըստ արխիվային վկայությունների դպրոց բացվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի միջնորդությամբ 1863 թվականին. այն ծխական դպրոց էր:

1865 թվականից գործել է դպրոցը, սակայն չի ունեցել սեփական դպրոցական շենք, ուստի այն տեղավորվել է Տեր Սահակի, Տեր Ակոպովի և Մկրտիչ Տեր Պետրոսովի տներում. Դպրոցը մի կերպ հարմարեցվել է սեփական տների պայմաններին:

Դպրոցը երկդասյա էր, ուր սովորողները բաժանված էին խմբերի, ընդ որում, նայելով աշակերտության ցուցակները, կռահում ես, որ ազգանուններն ռուսականացված են: Դա էլ ժամանակի երևույթ էր:

 

Առաջին խումբ Երկրորդ խումբ
1 Ատոմով Բարեղամ Ասպատուրով Ազիզ
2 Ատոմով Տիգրան Ասլանով Ոսկան
3 Ատոմով Սամսոն Կարապետով Համբարձում
4 Գնունի Պետրոս Մանուկով Աղաբեկ
5 Իսրայելով Ռուբեն Նիկողոսով Ասպատուր
6 Գալուստով Արզում Պողոսով Սիրական
7 Գասպարով Ավետիս Տեր-Պետրոսով Շավարշ
8 Գևորգով Լևոն Քոչարով Շահբազ/հետագայում քահանա/
9 Քիշմիրով Պատվական
10 Մինասով Սեդրակ
11 Մելքումով Բալաբեկ
12 Մելքումով Արսեն
13 Միրզոյով Արշակ
14 Համբարձումով Ոսկան
15 Պողոսով Մովսես
16 Պողոսով Պատվական
17 Տեր- Ակոպով Արշակ
18 Տեր-Զաքարով Հովհաննես
19 Տեր-Մխիթարով Ռուբեն

1883 թվականին հատուկ հանձնարարությամբ Վարդենիկ է գալիս անվանի գրող Պերճ Պռոշյանը, որի միջնորդությունը ևս նպաստում է դպրոց բացելուն և կրթության գործը կարգավորելուն:

Որոշ ժամանակահատված դպրոց գործում է Տեր Սահակի, Տեր Ակոպովի և Մկրտիչ Տեր-Պետրոսովի տներում: Հետագայում  Մկրտիչ Տեր-Պետրոսովը իր բնակարանը տրամադրում է դպրոցին, պարտավորվում կառուցել քարից դպրոցական նոր շենք:

Գնալով ավելանում է աշակերտների թիվը, հարևան գյուղերից ևս հաճախում են այս դպրոց, կրթական գործը մտնում է կանոնավոր հունի մեջ:

Այնուհետև որոշակի կոնֆլիկտներ են ծագում դպրոցի ուսուցչության, հոգաբարձուների, դպրոցների տեսուչի միջև, կոնֆլիկտը սրվում է, այս մասին բողոք է ուղղվում Երևանի նահանգի դպրոցների տեսուչին, ուր մանրամասն շարադրվում է, որ դպրոցն այլևս հնարավոր չէ պահել Մկրտիչ Տեր-Պետրոսովի բնակարանում:

Երևանի նահանգի դպրոցների տեսուչին ուղղված նոր բողոք-դիմումի համաձայն դպրոցը տեղափոխվում է համագյուղացի Դավիթ Միլիտոնյանի բնակարան, որի պատճառով առավել են խորանում թշնամական հարաբերությունները երկու ազդեցիկ անձանց միջև այն աստիճան, որ դպրոցների տեսուչի նախկին սպառնալիքը իրագործվում է՝ դպրոցը տեղափոխվում է Նոր Բայազետի  գավառի Դալիղարդաշ/Սարուխան/ գյուղ: Երևանի նահանգապետին ուղղված զեկույցում գրվում է, թե <<եթե դպրոցը մնա Վարդենիկում, ապա արյունահեղություն կլինի>>:

Այնուհետև Վարդենիկում գործել է մասնավոր դպրոց, 1908 թվականին բացվել է ծխական դպրոց, որոշ ընդհատումներով գործել է նաև  իրիկնային դպրոց: 1913 թվականին Երևանի նահանգապետի թույլտվությամբ բացվել և սկսել է գործել Գյոզալդարայի մեկդասյա պետական դպրոց: Խորհրդային տարիներին, կոնկրետ 1922 թվականից Վարդենիկի դպրոցը դառնում է 7-ամյա , ուր սովորել են նաև հարևան գյուղերից աշակերտներ: 1933-1934 թվականներին, երբ Մարտունիում լուսբաժվար էր աշխատում Գարեգին Մանուկյանը, նրա անմիջական միջնորդությամբ դպրոցը դառնում է միջնակարգ , իսկ 1936 թվականից կրում է  ռուս գրող Մաքսիմ Գորկու անունը: Տարեցտարի ավելանում էր աշակերտների թիվը, կրթություն ստանալ ցանկացողների թիվը  ևս  գյուղում պահանջ առաջացավ նոր դպրոցական շենք կառուցելու, ինչը իրագործվեց 1959 թվականին: Աստիճանաբար դեպի ներքև  զարգացող գյուղի համար կառուցված երկհարկանի դպրոցական շենքը շահագործման հանձնվեց 1961 թվականի հոկտեմբերի 2-ին՝ կրելով Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց անունը: Վարդենիկի նախկին դպրոցից այստեղ տեղափոխվեցին ուսուցիչներ, ապա նաև դպրոցի արխիվը: 1967 թվականից սկսեց գործել նաև Արփա-Սևան թունելի բանավանի բնակիչների երեխաների համար կառուցված դպրոցը, որը 8-ամյա դպրոց էր:  Ստացվեց, որ Վարդենիկը ունեցավ երկու  8-ամյա և մեկ  միջնակարգ դպրոց: 1970-ականնեից գյուղում գործում էին երեք միջնակարգ դպրոցներ, որոնցից 1-ին  միջնակարգ դպրոցը շարունակում էր կրել  Մ. Գորկու անունը: 1992 թվականից դպրոցը անվանափոխվեց և կրեց Լոս Անջելեսի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, մեծ հայ Ռիչարդ Հովհաննիսյանի անունը: Մինչև 2010 թվականը դպրոցը միջնակարգ էր, որից հետո դարձավ հիմնական դպրոց: